Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Շինարարների բանակը գնալով մեծանում է

Շինարարների բանակը գնալով մեծանում է
04.07.2008 | 00:00

60 ՏՈԿՈՍԸ՝ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ
Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու մրցավազքը սկսված է։ Ըստ փորձագետների, դիմորդների մոտ այս շրջանում նկատվում են նյարդային տարբեր դրսևորումներ, ինչը բնական է։ Մեզնից ո՞վ չի անցել՝ «կընդունվեմ, չեմ ընդունվի» հարցի միջով։ Սակայն այս պահին շատ շրջանավարտներ կանգնած են մի կարևոր խնդրի առջև՝ որտե՞ղ շարունակել ուսումը։ Հետաքրքրական է, բայց վերջին տարիներին մայրաքաղաքում նկատվող շինարարության ծավալի աճին զուգընթաց գնալով մեծացավ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի նկատմամբ հետաքրքրությունը։ Դա նկատելի է նաև մեր ընթերցողների կողմից ստացվող հարցադրումներից, որոնցից կազմված հարցերին խնդրեցինք պատասխանել նշված համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու ԵՂԻԱԶԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ։
-Ի՞նչ մասնագիտություններ ունի ձեր համալսարանը:
-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը բակալավրական կրթական աստիճանով 2008-2009 ուս. տարում ուսանողների ընդունելություն է կազմակերպում 18 մասնագիտություններով` «Ճարատարապետություն և դիզայն», «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա», «Կառավարման տեղեկատվական համակարգեր», «Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Շենքերի նախագծում», «Կադաստր և կիրառական գեոդեզիա», «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում՝ քաղաքային տնտեսության, շինարարության և կոմունալ ծառայության ճյուղերում», «Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում», «Բնօգտագործման տնտեսագիտություն», «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում», «Անվտանգություն արտակարգ իրավիճակում», «Բնապահպանական փորձաքննություն» «Քաղաքային տնտեսություն և ջերմագազամատակարարում», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ օգտագործում (ըստ ճյուղերի)», «Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործում», ինչպես նաև «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում»։
-Ձեր համալսարանն ունի՞ պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք:
-Անվճար և վճարովի հիմունքներով ուսուցման ձևերում, հենակետային վարժարանից հարցազրույցով ընդունելությունից բացի, համալսարանն ունի պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքով 233 տեղ:
-Ո՞ր մասնագիտություններին են հատկացվել առավել շատ թվով անվճար ուսուցման տեղեր:
-«Շինարարություն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրություն», «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կառավարում և դրանց շահագործումը» մասնագիտություններով պետպատվերի տեղերը կազմում են շուրջ 60 տոկոս: Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է. մենք նպատակ ենք հետապնդում հանրապետության համար գերկարևոր այս մասնագիտությունների գծով ընդունել մաթեմատիկայից և ֆիզիկայից առավել ընդունակ դիմորդների:
-Ի՞նչ քննություններ են հանձնելու դիմորդները:
-Ա+Բ տարբերակով «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնած և դրական գնահատական ստացած դիմորդները (բացի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Բնապահպանական փորձաքննություն» մասնագիտություններից) կենտրոնացված քննական համակարգում քննություն են հանձնում նաև «Ֆիզիկա» առարկայից և դրական գնահատական ստանալու դեպքում մասնակցում մրցույթին: Վճարովի համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում դիմորդները, որպես մրցութային գնահատական, կարող են հայտագրել միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից «Ֆիզիկա» առարկայի գնահատականը:
-Իսկ ի՞նչ քննություններ են հանձնելու «Համակարգչային գեղարվեստական նախագծում», «Ճարտարապետություն և դիզայն» և «Բնապահպանական փորձաքննություն» մասնագիտությունների դիմորդները:
-«Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության դիմորդները քննություն են հանձնում «Նկարչություն (գծանկար, կոմպոզիցիա)» և «Գծագրություն» առարկաներից: «Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտության դիմորդները` Ա+Բ տարբերակով «Մաթեմատիկա», «Նկարչություն (գծանկար, կոմպոզիցիա)» և «Գծագրություն», «Բնապահպանական փորձաքննություն» մասնագիտությունից` կենտրոնացված քննական համակարգում քննություն են հանձնում «Քիմիա» և «Ֆիզիկա» առարկաներից: Ընդ որում, այստեղ նույնպես վճարովի համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում դիմորդները, որպես մրցութային գնահատական, կարող են հայտագրել միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից «Ֆիզիկա» առարկայի գնահատականը:
-Վճարովի համակարգ ընդունված ուսանողների նկատմամբ կիրառվու՞մ են զեղչեր:
-Այո, ուսման երկրորդ կիսամյակից սկսած` յուրաքանչյուր կիսամյակ բարձր առաջադիմություն ցուցաբերելու և օրենքով սահմանված այլ դեպքերում կիրառվում են ուսման վարձի զեղչեր:
- Ե՞րբ է սկսվում փաստաթղթերի ընդունումը, և ի՞նչ պետք է ներկայացնեն դիմորդները:
-Փաստաթղթերի ընդունումը սկսվել է հունիսի 30-ին և շարունակվելու է մինչև հուլիսի 16-ը ներառյալ: Դիմորդները ներկայացնելու են ավարտական վկայական, անձնագիր, 6 լուսանկար, տղաները՝ կցագրման վկայական կամ զինգրքույկ:
-Իսկ ովքե՞ր կարող են դիմել հեռակա ֆակուլտետ:
-Բոլոր նրանք, ովքեր ունեն միջնակարգ կրթության ատեստատ կամ դրան համարժեք ավարտական փաստաթուղթ, ինչպես նաև միջին մասնագիտական, մասնագիտական տեխնիկական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն: Հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդներն ընդունելության քննությունները հանձնում են մեր համալսարանում կամ ներկայացնում են միասնական քննությունների գնահատականները:
Հեռակա ֆակուլտետ ընդունվելու համար փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 20-ը:

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7339

Մեկնաբանություններ